Search
Close this search box.

ՊՆ–ն 5–րդ օրն է՝ լռում է զինծառայողի մահվան մասին. ՔԿ–ն հաղորդագրություն կտարածի, երբ հանգամանքները պարզի

Պաշտպանության նախարարությունն արդեն հինգերրորդ օրն է՝ հաղորդագրություն չի տարածել հունիսի 18–ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։

NEWS.am-ի՝ ՊՆ–ին ուղղված զանգերը օրեր շարունակ անպատասխան են մնում։ ՊՆ–ն շարունակում է լռել, թե ինչ հանգամանքներում է զոհվել 19–ամյա զինծառայողը։

Հունիսի 18–ին Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհ ունենալու մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայողը 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանն է։ Նա Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող: Հրաչ Փիլիպոսյանը տան ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր:

19-ամյա Հրաչ Փիլիպոսյանին զինվորական կարգով հողին են հանձնել երեկ՝ հունիսի 21–ին, հայրենի Բյուրական գյուղում։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է գնում, երբ կպարզվի, հաղորդագրություն կտարածվի։
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցից զինծառայողների սպանության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում սովորաբար քրեական գործ է հարուցվում։ Սակայն, հունիսի 18–ին տեղի ունեցած դեպքի մասին ՔԿ–ն առայժմ հաղորդագրություն չի տարածել։