Search
Close this search box.

ՌԴ-ն, ինչպես ոչ ոք, շահագրգռված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ որոշ արտաքին խաղացողներ խաթարեն այդ ուղղությամբ ջանքերը. Զախարովա

Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի (Կարեն Դոնֆրիդ) հայտարարությունը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն աջակցելու հետ։

«Կասկածում եմ Կարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի միջնորդական յուրահատուկ ձևաչափը, ապա նրանք իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն և Ֆրանսիան փետրվարի 24-ին, առանց որևէ խորհրդակցության, խզել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ Այսպիսով, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքը մեծապես անուղղելի վնաս է կրել։

Նա նշել է, որ այս քայլի պատճառների վերաբերյալ հստակ բացատրություն դեռևս չի ստացվել:

«Ոչ մի երաշխիք չկա, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Ձևացնելը, թե ոչինչ չի պատահել, պարզապես չի ստացվի: Պետք է հաշվի առնել նոր իրողությունները։ Խաղադրույքը արվել է նրա վրա, որ Ռուսաստանը կմեկուսացվի, բայց նրանք իրենց հաշվարկներում սխալվել են և իրենք են իրենց մեկուսացրել մեզանից: Մինչդեռ արտաքին աշխարհը միայն Եվրատլանտիկայով չի սահմանափակվում։ Ռուսական կողմը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որ որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված առանց այն էլ դժվարին ջանքերը։ Մենք կշարունակենք անել մեզանից կախված ամեն ինչ՝ անվերապահորեն կատարելու այն պարտավորություններն ու խնդիրները, որոնք արձանագրվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում», — եզրափակել է Զախարովան։