Search
Close this search box.

Եվս մեկ «գիշերային որոշում».Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում հրաժարվելու պատճառը

Վրաստանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։ Ուղիղ չորս տարի առաջ, վերջին պահին, Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո Հայաստանը հրաժարվեց նաև Եվրոասոցացումից` դառնալով Մաքսային միության անդամ: Պատմությունը կրկնվում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին, մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից», -ասել է Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավան:

Թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել «Agile Spirit 2017» զորավարժություններին, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի ցանկացել մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը: Իսկ նման որոշում հենց այնպես, հապշտապ չէր կայացվի: Հարկ է նկատել, որ Հայաստանն այս տարվա հուլիսի 30-ին մասնակցեց Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժությանը, ինչը Ռուսաստանի տարբեր շրջանակների դժգոհությունը հարուցեց, ուստի և Արծրուն Հովհաննիսյանն, ըստ էության, ասելիք չէր կարող ունենալ:

Թերևս, այս պարագայում էլ ավելի ուշագրավ է դառնում օրերս Հայաստանում՝ ԱՄՆ դեապան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, թե իրենք ուզում են համոզված լինել, որ Հայաստանն ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորություն ունի: Չի բացառվում, որ դեսպանը դիվանագիտական խողովակներով տեղյակ է եղել Մոսկվայի ճնշումների մասին և իր հայտարարությամբ փորձել է հրապարակավ աջակցել Հայաստանի իշխանություններին: Վերջիններս, սակայն, չունեցան համապատասխան կամք և վճռականություն՝ հերթական անգամ տրվելով Մոսկվայի շանտաժին: Այլապես, Մոսկվան կարող էր սպառնալ արցախյան նոր պատերազմով կամ խարխլել գործող իշխանության հիմքը: Այս իրավիճակում չկա ոչ մի երաշխիք, որ վերջին պահին Հայաստանը չի հրաժարվի ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից, քանի որ կարևոր հարցերում իշխանությունների որոշումները ստորադասվում են Մոսկվայի որոշումներին: