Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար. զոհվել է պայմանագրային զինծառայող

Այսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

Վթարի հետևանքով, Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեղում քննիչները պարզել են, որ մահացածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: