Search
Close this search box.

Եթե որևէ դեպք պատահի ինձ հետ, իմ ընտանիքի անդամների կամ հարազատներիս հետ. Վարդազարյանը՝ նախաքննական մարմնին

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները կասեցված են) հայտարարել է, որ այսօր հրապարակված սկանդալային ձայնագրության բնօրինակը, ինչպես նաեւ ձայնագրող սարքը իր տանը կամ ամառանոցում չէ։ Ավելին՝ այն նաեւ երկրում չի պահվում, հետեւապես կարիք չկա այն գտնելու համար մտնել իր տուն։

««Այս ձայնագրությունը հանրայնացնելը, երեւի թե իմ ողջ կյանքում ամենաբարդ որոշումն է եղել։ Ձայնագրությունը կատարվել է 2021թ. փետրվարի 20-ին։ Տարիուկես այս ձայնագրությունը չեմ հրապարակել, այն պարզ պատճառով, որ սպասել եմ Բարձրագույն դատական խորհուրդը այնքան ողջամիտ լինի, որ ծայրահեղ քայլի չի դիմի, ցանկալի չեմ համարել կամ չեմ ուզել, որ այս ձայնագրությունը բարձրաձայնվի եւ հանրայնացվի։ Բայց այն ցինիզմը, որ տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստում, ինձ թույլ տվեց վստահաբար որոշումը կայացնել, որ սա պետք է հրապարակվի։ Եւ զգուշացնում եմ նախաքննական մարմիններին, որ ձայնագրությունը կատարվել է իմ խնդրանքով, շատ լավ իմացել եմ, որ գնում եմ հանդիպման եւ խնդրել եմ, որ ձայնագրվի իմ եւ Ջհանգիրյանի զրույցը»,- հայտարարել է Վարդազարյանն ու ավելացրել։

Վարդազարյանը նաև հավելել է․ «Ձայնագրության բնօրինակը եւ ձայնագրող սարքը Հայաստանի Հանրապետությունում չեն, մեր տանը չեն, ամառանոցում չեն։ Քրեական գործ հարուցել եւ այդ պատրվակով ման գալ ձայնագրող սարքը, ոչ մի արդյունք չի տա։

Ու եթե որեւէ դեպք պատահի ինձ հետ, իմ ընտանիքի անդամների կամ հարազատներիս հետ՝ դա կլինի, օրինակ, վթար, վրաերթ, վստահ եմ կգտնեք մեղավորներին»։