Search
Close this search box.

Մալյանին աղբարկղը նետել գործով «Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 20-ին, «Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Գարիկ Միսկարյանին, Արամայիս Պետրոսյանին, Հրաչյա Խլղաթյանին եւ Յուրի Ավագյանին արդարացնելու մասին դատավճիռ է կայացրել։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել եւ բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի եւ հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաեւ այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

Նշենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։