Search
Close this search box.

Անպատժելի հրամանատար և լքված ընտանիք. իրավապաշտպանը` զինծառայողի մահվան մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը․

«Երեկ Սիսիանի Շաքի գյուղը սգում էր զինծառայող Արգիշտի Եղյանի բռնի մահվան 40 օրը։ Անասելի ցավ ու վիշտ։ Գյուղի սիրված երեխան, գյուղի հպարտությունը։ Բարձր գիտելիքներ, եզակի ունակություններ, լեզուների իմացություն։ Ընտանիքի միակ որդին։ Ցավակցական որևէ խոսք ՊՆ-ն չի հայտնել անգամ զորամասի հրամանատարի մակարդակով, բացատրություններ նույնպես չեն տրվել։ Միակ ցավակցական հեռագիրը ստացվել էր ԱՄՆ դեսպանից, որոնց ծրագրերից մեկով Արգիշտին սովորել էր ԱՄՆ-ում։ Մահվանից ժամեր հետո ասել են՝ ինքնասպան է եղել և վերջ, թույլ չեն տվել Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորել։ Անարգել են ընտանիքին, խորը հիասթափություն հայկական բանակից․ «Թող իրենք ինքնասպան լինեն» կրկնում էր մայրը։ Անպատասխանատու պետություն, անպատասխանատու Պաշտպանության նախարարություն, անպատժելի զորամասի հրամանատար և լքված ընտանիք։ Այս ընտանիքների թիվը մեծ է Հայաստանում»:

Հիշեցնենք,որ 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝ ինքնասպան էր եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում: