Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապարանից «Արմենիա» ԲԿ՝ հրազենային վնասվածքներով տեղափոխված երիտասարդների առողջական վիճակի մասին

Նիգավանում երեկ տեղի ունեցած կրակոցներից հետո ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» ԲԿ հոսպիտալացվել է 3 երիտասարդ, որոնցից մեկը, ցավոք, մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

«Երեքն էլ հրազենային վնասվածքով էին: Երեքից երկուսը գլխի եւ պարանոցի շրջանում են հրազենային վնասվածք ստացել, իսկ 18 տարեկանը՝ կրծքավանդակի շրջանում:

Առաջինի մահը այստեղ է գրանցվել: Երկրորդը վիրահատվել է նեյրովիրաբույժների կողմից, ունի գլխուղեղի շատ ծանր վնասվածք: Վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, բավականին վատ պրոգնոզով վիճակ է, պրոգնոզը հուսադրող չէ, սահմանային է:

Եվ 18 տարեկան երիտասարդի վիճակը, փառք Աստծո, ամենակայունն է, կայուն ծանր է: Ինքն էլ է վիրահատվել, թոքից հեռացվել է բեկորը, թոքը դրենավորվել է եւ նույնպես վերակենդանացման բաժանմունքում է, հենց հիմա անջատվում է արհեստական շնչառության սարքից»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 19-ին’ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով’ գործադրվել է որսորդական հրացան: Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին’ պատճառը կենցաղային է»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ եւս մեկը մահացել է: