Search
Close this search box.

Զգո՛ն եղեք, թշնամին Սյունյաց դարպասն է քանդում

Պատերազմից հետո հաճախ եմ գնացել Արցախ, բայց երբևէ այս աստիճան ծանր զգացողությամբ հետ չեմ վերադարձել։
Լիսագորից մինչև Ստեփանակերտ ընկած ճանապարհը՝ լի էր թուրքերով, որոնք “ինժեներական աշխատանքներ” էին տանում, “իրենց հայրենիքն” էին շենացնում։ Անցնելիս, ստիպված էինք դանդաղեցնել մեքենայի արագությունը՝ դառը իրականությանը առերեսվելով։ Ծանր էր մեքենան վարել նրանց հեգնական, ծաղրական վարքաձևի ներքո։ Նրանցից “համարձակները” ՝ անտեսելով “խաղաղապահներին”, իրենց ձեռքի աղբն էին նետում, որին հաջորդում էր հայհոյախառը բարբաջանքը։

Աննկարագրելի է զգացողությունը, որը համակել էր մարմինս՝ էությունս։ Պարալիզացվածի նման Հայրենիքս, որն ունի ամբողջական մարմին, բայց չգիտես ինչու, նրա առանձին մասեր չեն ենթարկվում ամբողջին։ Ցասումը համակել էր ինձ, ուզում էի գոռալ, բայց ձայնս կոկորդումս խեղդվում էր, ուզում էի իջնել ու կռվել, բայց անզգայացել էի։ Թշնամիդ քո Տան մեջ, իր ապագան է կառուցում՝ թքած ունենալով քո գոյության վրա։ Հուսահատությունն ու անելանելիությունը խեղդում էր կոկորդս, Արցախ գնացող ճանապարհը դատարկ էր, չկար գեթ մեկ մեքենա հայկական պետհամարանիշերով՝ ում նայելով կգոտեպնդվեիր։
Մոնթեն ասում էր…”Իմ կենացը մի՛ խմեք, գո՛րծս շարունակեք”
Ի՞նչ ենք անում մենք…Այո՛, կենացն ենք խմում, ո՛չ ավելին։

Թշնամիդ նոր պատերազմի է պատրաստվում, քեզ, քո տան մեջ նսեմացնում, ծաղրում ու հայհոյում, իսկ դու հայտարարում ես “խաղաղության դարաշրջան”, հույս դնելով՝ խաչագողի ու վաճառականի հոգեկերտվածքիդ վրա։ Նրանք՝ զավակներիդ ապագայի գնով, այսօր իրենցն են կառուցում, իսկ դու՛, հա՛յ մարդ, քո բութ անտարբերությամբ, լուռ հանդուրժողականությամբ, օտարամոլությամբ ու ստրկամտությամբ ՏԱԼԻՍ ես համաձայնությունդ։ Խաղաղությունը չեն աղերսում, կերտում են, ուստի Տանդ թրքահպատակ հային վերացրու, զինվի՛ր, նոր դաշնակիցներ փնտրի՛ր ու պատրաստվիր նոր պատերազմի, քանզի դա է խաղաղության ձեռքբերման միակ ու արժանապատիվ ճանապարհը։

Զգո՛ն եղիր, թշնամիդ Սյունյաց դարպասն է քանդում։
Ի զե՛ն
Ի գո՛րծ
Ի պայքա՛ր
Հաղթանակդ՝ միասնական բազկիդ մեջ է՝ սրբազան զենքիդ։

Արաքսի Գրիգորյան