Search
Close this search box.

Դոլարն էժանանում է․ կիջնի արդյոք գազի ու էլեկրաէներգիայի սակագինը

Հայկական դրամի արժևորման պայմաններում մասնագետները բարձրացնում են հարցը, որ պետք է քննարկել գազի և էլետրաէներգիայի սակագների իջեցման հարցը։ Նախկինում, երբ Հայաստանում դոլարն արժեզրկվում էր, այդ ընկերությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագնի բարձրացման հայտ էին ներկայացնում։ Օրերս Ագզային ժողովում այս հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ փոխարժեքի ազդեցությունը սակագներում հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, կազդի հաշվարկների վրա։ Մհեր Գրիգորյանը նաև հայտնել էր, որ տարվա կտրվածքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է անդրադառնալ այս հարցին։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ դրամի արժևորումն այս դեպքում դրական գործոն է և հաշվի է առնվելու։ «Այս պահին այն դեռ էական ազդեցություն չունի, որ վեց ամիսը չլրացած՝ սակագնի վերանայում անենք։ Բայց տարվա արդյունքում միանշանակ իր դրական էֆեկտները տալու է»,- ասաց Բաղրամյանը։ Ըստ նրա՝ տարվա արդյունքներով բոլոր գործոնները կհամադրվեն, տարվա վերջին՝ սակագների վերանայման ժամանակ, հաշվի կառնվեն։

Էկեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը սովորաբար տարվա վերջին է լինում՝ հաջորդ տարվա փետրվարի 1-ից ուժի մեջ մտնելու համար։ Իսկ գազի սակագինը վերանայվել է ապրիլ ամսին։ «Անկախ նրանից՝ դրամի արժևորումը մեկ ամիս է եղել, թե ավելի երկար ժամանակահատված, այդ բոլորը հաշվի է առնվելու։ Կոնկրետ այս ամիսների ցածր փոխարժեքի դրական էֆեկտն արդեն մեզ մոտ ֆիքսված է, տարվա արդյունքներով ամփոփվելու է»,- հավելեց հանձնաժողովի նախագահը։ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ փոխարժեքի գործոնը սակագնի հաշվարկման հարցում շատ էական գործոն չէ, բայց ջերմակայանների դեպքում, որոնք գազ են գնում, դրա նշանակությունը մեծ է։