Search
Close this search box.

Օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու գործողությունները, չլուծված հումանիտար խնդիրները:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց օգտագործել որպես քաղաքական պատանդներ: Նշվել է, որ ՀՀ օրակարգում է Ադրբեջանում գտնվող անձանց անհապաղ վերադարձը:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարևորել է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը և այդ ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Խոսելով կառույցի շրջանակում համագործակցության մասին` Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքը: