Search
Close this search box.

Պատրաստ ենք ԱԺ–ում քննարկել մեր հեռացման ծրագիրը. Անդրանիկ Քոչարյանը դիմեց ընդդիմությանը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևոր է համարում ընդդիմության վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու որոշումը։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Լաոները միշտ արթուն են, ու 44-օրյա պատերազմը դա արձանագրեց։ Կարծում եմ, որ իրենք ճիշտ գնահատեցին իրավիճակը և ճանապարհը բացեցին (Ֆրանսիայի հրապարակը. խմբ.)` խոչընդոտներ չառաջացնելով մեր քաղաքացիների համար։ Վրանները հավաքելը շատ կարևոր որոշում էր»,– ասաց Քոչարյանը

Նա նաև նահանջ որակեց ընդդիմության երեկվա քայլն ու որոշումը։
Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք հեռացնում են վրանները և փոխում պայքարի ձևերն ու բովանդակությունը, սակայն այն շարունակվելու է։ Փողոցային պայքարը նույնպես շարունակվելու է` հանրահավաքներ, երթեր, փողոցային ակցիաներ։

Խոսելով իրենց իշխանությունը հեռացնելու` ընդդիմության մտադրության մասին, Քոչարյանը շեշտեց` իրենք պատրաստ են Ազգային ժողովում քննարկել այդ ծրագիրը։
«Թող գան, ներկայացնեն։ Համերաշխության հարթակը ազգային ժողովն է, ինչո՞ւ են փախել, ինչո՞ւ չեն վերադառնում»,– ասաց պատգամավորը։

Քոչարյանի խոսքով` ընդդիմությունը պետք է գիտակցի իր հիմնական առաքելությունը որպես ընդդիմություն։ ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց վերլուծել իրենց ավագ ընկերների` 1990-ականների գործողությունները և հասկանալ, որ ամենակարևոր արժեքը պետությունն ու պետականությունն է։