Search
Close this search box.

Գերմանիայի Հայոց թեմը անդրադարձել է Բեռլինում հայ վարորդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքին

Գերմանիայի Հայոց թեմը խստագույնս դատապարտում է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և՝ դպրոցահասակ երեխաներ, ծանր ու թեթև վնասվածքներ են ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Գերմանիայի Հայոց թեմի հայտարարության մեջ:

«Ըստ մամուլի հաղորդումների՝ այս անմարդկային, մարդատյաց արարքի հեղինակը, մեծ հավանականությամբ, սակայն դեռևս ամբողջովին չհաստատված տվյալների, հայաստանցի գերմանահպատակ մեկն է՝ Գոռ Հ. անուն-ազգանունով: Կրկին մամուլի հաղորդումների համաձայն՝ հանցանքը գործած անձն ունեցել է հոգեկան խնդիրներ և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարմունքի պայմաններում: Հուսով ենք, որ ոստիկանությունը և համապատասխան մյուս մարմինները կպարզեն այս չարաբաստիկ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները»,- orer.eu-ի փոխանցմամբ, ասվում է Թեմի հայտարարության մեջ:

Գերմանիայի Հայոց թեմից տեղեկացրել են, որ իրենց տվյալներով արարքը գործած անձը համայնքային շրջանակներին անծանոթ մեկն է:

«Այս պահի դրությամբ չգիտենք որևէ մեկին, ով ճանաչում է նրան: Այդուհանդերձ, ինչպիսին էլ լինեն արարքի շարժառիթները, ով էլ լինի այն գործած անձը, Գերմանիայի Հայոց առաջնորդարան խստագույնս դատապարտում է այս անմարդկային արարքը և իր համերաշխությունը հայտնում բոլոր տուժածներին: Մերժում ենք նման բնույթի ցանկացած արարք՝ անկախ գործած անձի հպատակությունից և ազգային-կրոնական պատկանելությունից:

Աղոթում ենք ոճրագործության զոհ դարձած անձի հոգու խաղաղության, ինչպես նաև բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման և առողջության համար», – ասվում է թեմի հայտարարության մեջ: