Search
Close this search box.

Ինչու են արժեզրկվում դոլարն ու եվրոն, և ինչու գների իջեցում տեղի չի ունենում

Պարոն Պարսյան, Հայաստանում դոլարն ու եվրոն կտրուկ արժեզրկվում են, ի՞նչ է տեղի ունենում այս շուկայում։

Lragir.am-ը  զրուցել  է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ

Կենտրոնական բանկն ուղղակի անգործության է մատնված, չի վերահսկում դոլարի կտրուկ տատանումները։ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ինքը չի միջամտում շուկային, բայց երբ դոլարը կտրուկ արժևորվում էր, այդ ժամանակ միջամտում էր, դոլար էր առնում։ Օրինակ՝ 2020 թվականի մարտին 10 օրվա ընթացքում 120 մլն դոլար ներարակեց տնտեսություն։ Հիմա ճիշտ հակառակ պատկերն է, բայց Կենտրոնական բանկը չի միջամտում՝ հայտարարելով, որ շուկան է որոշում փոխարժեքը։

 

Բայց իրականում Կենտրոնական բանկը նաև իր գործողություններով, հատկապես մարտի 15-ին վերաֆինանսավորման տոկոսարդրույքի բարձրացմամբ նպաստել է դրամի արժևորմանը։ Իսկ հիմա ըստ էության խրախուսում է դրամի արժևորումը։

 

Օրինակ՝ Ռուսաստանը վերջին 15 օրվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է հենց ռուբլու արժևորումը կանխելու համար։ Իսկ մեր Կենտրոնական բանկը չի իջեցնում՝ դրանով խրախուսելով դրամի արժևորումը։

 

Միանշանակ, սա մեծ ցնցում է մեր շուկայի համար, հատկապես արտադրողների ու արտահանողների համար։ Արտահանողները հիմա փաստի առաջ են կանգնած, դոլարով ու եվրոյով պայմանագրեր ունեն, և այս փոխարժեքով ուղղակի ձեռնտու չէ արտահանում անելը։ Եկեք տեսնենք՝ ովքեր են տուժում այս իրավիճակում․ տուժում են արտահանողները, վերամշակողները, IT ոլորտը, տուրիստական ընկերությունները։ Իսկ այս ոլորտները Հայաստանի համար կարևոր ոլորտներ են։

Հիմա Կենտրոնական բանկի կողմից կարճաժամկետ նպատակ է դրվել գների կայունության ապահովումը, դա թիվ մեկ խնդիրն է, բայց սա երկար չի տևելու։ Եվ երբ Ռուսաստանից եկող տրանսֆերտների հոսքը դադարի կամ կրճատվի, դոլարը միանգամից արժևորվելու է, և այդ ժամանակ գները կտրուկ կբարձրանան, շուկայում ավելի մեծ ցնցում կառաջանա։

Այսօր, երբ դոլարն ու եվրոն արժեզրկված են, ներմուծվող ապրանքների գները չպետք է բարձրանային, բայց մենք գնանկում չենք տեսնում, հակառակը, կա գնաճ։ Ինչո՞ւ է այս իրավիճակը։

Հիմա Կենտրոնական բանկն այս իրավիճակն արդարացնում է, ասում է՝ եթե դրամը չարժևորվեր, ներկրվող ապրանքների գներն ավելի բարձր կլինեին մեր ներքին շուկայում։ Այսինքն՝ ԿԲ-ն սա մեզ որպես չակերտավոր լավություն է ներկայացնում, որ եթե դրամը չարժևորվեր, հացը կթանկանար ոչ թե 15 տոկոսով, այլ 30 տոկոսով։ Կենտրոնական բանկն իր առջև նման բացատրություններ չի դրել ու չի էլ դնում, թե ինչու դոլարի արժեզրկման պայմաններում ներկրվող ապրանքները չեն էժանանում։ Այստեղ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մեծ անելիք ունի, որը պետք է վերահսկի շուկան։ Երբ անցած տարի դոլարն արժևորվում էր, դարակաշարերում ժամ առ ժամ գին էին փոխում, հիմա որևէ փոփոխություն չկա։ Նույնիսկ այն ապրանքները, որոնք միջազգային շուկայում էժանացել են կամ մնացել են նույնը, և մեր շուկայում պետք է էժանանային, այդ ապրանքների գներն էլ են մնացել նույն մակարդակի վրա։