Search
Close this search box.

«Համերգ՝ ի պատիվ Լավրովի». Դավիթ Գրիգորյան

ДЛЯ ГАЛОЧКИ
Համերգ՝ ի պատիվ Լավրովի, որի ընթացքում հնչում են ոչ թե պահանջներ` սակարկման առարկա չդարձնե՛լ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հիմնահարցը, ինքնիշխանությունն ու անկախությունը, այլ պատրաստակամություն՝ անկասելի հավատարմության ու անվերապահ ծառայության։
Ասածս վերաբերվում է բացառապես խոսող գլուխներին, ոչ թե անկեղծորեն տրամադրված, ԱԳՆ շենքի մոտ ազնվության դրդապատճառներով գնացած մարդկանց։
Խոսող գլուխներն ասում են․ դուք Նիկոլին մի լսեք ու հետը մի խոսեք, ինքը ձեզ էլ է դավաճանելու, մինչդեռ մենք՝ ընդդիմադիրներս, հավատարմորեն իրականացնելու ենք այն, ինչ դուք ուզում եք։ Նվիրումով ենք պայքարելու նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրագործման համար, առանց խոչընդոտներ ստեղծելու, առանց հապաղելու։
Ես անասելի ուրախացա, երբ տեսա, որ երթը գնում է ԱԳՆ՝ Լավորիվի հանդիպմանն ընդառաջ, բայց ելույթները լսելիս հասկացա, որ սա ոչ այնքան բողոքի ցույց էր, քան հավատարմության երթ։

Խոսնակներին ուզում եմ հարցնել, երբ բարձրաձայնում եք ռուսների հետ դարավոր բարեկամության ու եղբայրության մասին, այդ պահին, ի՞նչ է, մոռանու՞մ եք, թե ով է փաթաթել ՀՀ վզին նոյեմբերյան փաստաթուղթը, խայտառակությունը, որը հստակ պայմանավորված էր Բաքվի ու Մոսկվայի համատեղ շահերով։
Տղերք, իրո՞ք կարծում եք, որ բոլորս ապու՞շ ենք։ Նիկոլը միևնույն է անում է այն, ինչ ուզում են ռուսները, հարցն այն է, թե որքան լավ եք դու՛ք անելու Նիկոլի գործը, և արդյո՞ք այդ գործն ավելի լավ անելը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից։
Բա մեկդ Լավրովին ասեիք․ բրատ, ինչի՞ ես հիմա էլ Սյունիքը սկուտեղի վրա նվիրում Թուրքերին, միջանցք պատռում, հետն էլ ինքնուրույն նեղություն քաշում՝ զորք կանգնեցնում։ Դրա դիմնաց քեզ թուրքերն ի՞նչ են առաջարկել Սիրիայում, Ուկրաինայում կամ մի այլ տեղ։

Թե՞ Սերգեյ Վիկտորովիչը կջղայինանար, թե՞ Սերգեյ Վիկտորովիչի մուտքը շենք պիտի առավելագույն անվտանգ լինի։ Բա ակցիան շարունակեիք մինչև հաղթական ավարտ, որ ՌԴ ԱԳ նախարարը ձեզ այնտեղ վարկարկելուց դիտարկեր, նայեր, թե ինչ պահանջներ ունեք։

Երեսպաշտություն է։ Նիկոլն էլ, դուք էլ մի սանրի կտավ եք։ Բոլորդ էլ եկել եք տալու, բայց ոչ բնավ ստանալու, որովհետև ստանալու համար կամք է պետք, պահանջելու համար՝ համարձակություն։ Իսկ ժամանակն ու քաղաքական շարժերը Հայաստանում վերջին 30 տարում ապացուցել են, որ բացառապես բոլորիդ պետք է եղել զուտ կառավարական կորտեժ, կաբինետ, վլաստ ու էդ վլաստն ապահովելու համար՝ անշեղ ու երկաթբետոնե ծառայություն նրան, որը կապահովի ձեր հարատևությունը բաղձալի աթոռի վրա։
Ֆարս, ոչ թե բողոք։ Լավրովին ու ՌԴ-ին հավատարմություն հայտնելու այս բեմականացումը, կարծում եմ, ըստ արժանվույն կգնահատվի Կրեմլի PR պատասխանատուների կողմից։

Հ․Գ․ հետո էլ կասեք, թե մարդիկ ինչի դուրս չեն գալիս։ Համատարած, երկկողմանի ստի պայմաններում էդ ո՞ր ռացիոնալ մարդը դուրս կգա փողոց։ Հոգնեցրել եք բոլորդ՝ բոլորիս, բայց ինքներդ հոգնել, կարծես, չեք պատրաստվում։
ԱՐՑԱԽԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ,
բայց Ռուսաստանի կազմում ևս չի կարող լինել։
ԱՐՑԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է, ԱՊԱԳԱՆ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։

Դավիթ Գրիգորյան