Search
Close this search box.

Սանձարձակները ներխուժեցին, նկարվեցին և գոհ գնացին. Նախարար Անահիտ Ավանեսյանը` պատգամավորների մասին

. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանին, Աննա Մկրտչյանին ու Ասպրամ Կրպեյանին սանձարձակներ է անվանել։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով, ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել»,– գրել է նա։

Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների բախումից հետո Ավանեսյանն ասել էր, որ ոստիկանության աշխատակիցները փայլուն են կատարում իրենց ծառայությունը։ Ընդդիմադիր պատգամավորներն այսօր մտել են առողջապահության նախարարություն և իրենց դիրքորոշումը հայտնել Ավանեսյանին։
«Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն. Հայաստանը օրենքի երկիր է»,– եզրափակել է նախարարը։
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում էլ հաղորդագրություն է հրապարակվել, ըստ որի` գերատեսչությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։

Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և լուսաձայնային նռնակներ կիրառեց «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։