Search
Close this search box.

Վերջին անգամ ե՞րբ եք տեսել Հայաստանի վարչապետը գնա Զինված ուժեր, լինի սահմանին, ինքն ավելի շատ գինու փառատոնի, հեծանվավազքի մրցումների է մասնակցում.Սեյրան Օհանյան

Զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունները մշտապես տեղի են ունենում և համապատասխանեցվում են այն խնդիրներին, որոնք դրված են Զինված ուժերի առջև, բայց իշխանության պատկերացրած փոփոխությունը, ըստ որի՝ ԳՇ պետը պետք է դառնա ՊՆ նախարարի առաջին տեղակալ, հակասում է այն սկզբունքներին, որոնք գոյություն ունեն «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում։ Իրենց թվում է թե պաշտպանական համակարգում առկա բացերը նրանից են, որ ԳՇ պետի պաշտոնը նախարարի տեղակալը չի զբաղեցնում, դրանից էլ նախարարի ու ԳՇ պետի միջև հակասություններ են լինում, այնինչ «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններն այս հարցերը լուծել են: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո լինելու է նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ այսպիսով` նախ քաղաքականացվում է ԳՇ պետի պաշտոնը, ՊՆ նախարարի պաշտոնն արդեն իսկ քաղաքական պաշտոն է, ՊՆ նախարարը քաղաքական անձնավորություն է, երբ նշված փոփոխությունները լինեն և ԳՇ պետ լինի նախարարի առաջին տեղակալը, ապա բանակի հրամանատար դառնում է քաղաքական պաշտոնյան, իսկ քաղաքական պաշտոնյան այդ ունակությունները չունի:

Բացի սա, Ս.Օհանյանը նկատում է՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախկին հստակ սահմանված է եղել հրամանատարական ուղղահայաց կարգ՝ Գերագույն հրամանատար, պաշտպանության նախարար և ԳՇ պետ,իսկ երբ պաշտոնատար անձինք իրենց տեղում են, պահպանում են այդ ուղղահայացը , խնդիրներ չեն առաջանում.

«Այսօրվա «Պաշտպանության մասին» օրենքում էլ ուղղահայացը կա, ՊՆ-ին է ենթարկվում ԳՇ պետը, բայց եթե ԳՇ պետ դարձնում ենք ՊՆ նախարարի առաջին տեղակալին, ապա քաղաքականացնում ենք նաև ԳՇ պետի պաշտոնը, այդ քաղաքականացումն է հիմնական խնդիրներից մեկը եղել, որ 2020թ-ի մարտական գործողությունների ժամանակ մենք պարտություն ենք կրել»,-ասաց Օհանյանը:

Սուրեն Պապիկյանը նաև հայտարարել էր իր հարցազրույցում, որ ԶՈՒ ԳՇ պետի նշանակումը կլինի միայն ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո:
Ս.Օհանյանը հակադարձում է՝ կառուցվածքային փոփոխությունները կապ չունեն ԳՇ պետ նշանակել-չնշանակելու հետ։

«Սովորաբար, որպես պաշտոնակատար 6 ամսից ավել չեն մնում, իսկ այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը,եթե իր լիազորությունները կատարում է լիարժեք ինչո՞ւ հենց նրան չնշանակել և խնդիրը լուծել »,-ասաց պատգամավորը:

Սուրեն Պապիկյանը վստահեցրել էր, որ հսկայածավալ աշխատանք է կատարվում սահմանի կահավորման և բանակի բարեփոխման ուղղությամբ:

Հարցին՝ արդյո՞ք ՊՆ նախկին նախարարը պատերազմից հետո բարեփոխումներ արձանագրե՞լ է բանակում, Սեյրան Օհանյանը նշում է՝այս ուղղությամբ, հավանաբար, ինչ-որ քայլեր արվում են, բայց հիշեցնում է, որ որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է՝ բանակում բարեփոխումների ծրագիր գոյություն չունի, ըստ զրուցակցի, եթե բարեփոխումների ծրագիր չկա, ապա բոլոր քայլերը կատարվում են հընթացս՝ առանց խորը վերլուծության և գնահատականի, քանի որ բարեփոխումներից առաջ պետք է պաշտպանական և ռազմավարական վերանայում իրականացվի, ինչը Զինված ուժերում չի իրականացվել.

«Վերջին անգամ օրինակ դուք ե՞րբ եք տեսել Հայաստանի վարչապետը գնա Զինված ուժեր, լինի սահմանին, ինքն ավելի շատ գինու փառատոնի հեծանվավազքի մրցումների է մասնակցում , քան թե հետևում է Զինված ուժերում բարեփոխումների, նայեք, թե հակառակորդի նախագահը քանի զորամաս է բացել »,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարն ընդգծեց՝ անչափ կարևոր է, որ ԶՈՒ ղեկավարությունը հանրությանը ներկայացնի պաշտպանության համակարգերի ձևավորումը, ինժեներական կառույցները.

«Այն ժամանակ Հայաստան-Արցախ անվտանգային համակարգը շատ ամուր հիմքերի վրա է դրված եղել , եթե համեմատենք, ապա բավականին մեծ քանակությամբ, շուրջ 160կմ կահավորված ինժեներական դիրքեր հենց այնպես հանձնվել են, այսինքն՝ այն տեմպերը, որոնք կան ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու համար, չեն համապատասխանում այն խնդիրներին, որոնք կանեն մեր երկրի պաշտպանական համակարգում, բանակն առաջինն է ի վիճակի վերացնելու այն բոլոր թերությունները, որոնք եղել են պատերազմական գործողությունների ժամանակ»,-ասաց նա: