Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Պետության համար դժվարին փուլերում մարզական մեծ հաջողություններ չեն լինում, բայց հայ մարզիկները կոտրեցին այս կարծրատիպը․ Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մարզաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, սիրելի՛ մարզասերներ,
Երեկ ավարտվեց հենակետային մարզաձևերից մեկի՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը այս կարևոր ստուգատեսում պայքարն ավարտեց 7 մեդալով:Հայ ծանրորդները երկամարտում նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ:Ոսկե մեդալակիրներ դարձան Ռաֆայել Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը, փոխչեմպիոններ՝ Արա Աղանյանը, Սամվել Գասպարյանը և Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիրներ դարձան՝ Արսեն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը։

Ընդամենը օրեր առաջ Երևանում ավարտվեց մեկ այլ իսկական մարզական տոն՝ խոսքը Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին է, որը Հայաստանի Հանրապետությունը պատվով ընդունեց և ճանապարհեց: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները ևս նվաճեցին մեդալներ՝ ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկով, արծաթե մեդալակիրներ Ռաֆայել Հովհաննիսյան և Արթուր Բազեյան, բրոնզե մեդալակիր՝ Նարեկ Մանասյան:

Այո՛, անուն առ անուն նշում եմ մեր մարզիկներին, քանզի նախ՝ նրանց այս հաղթանակների հետևում տարիների քրտնաջան և սրտացավ աշխատանք է, երկրորդ՝ մարզաշխարհը խիստ զգայուն է պետության, ժողովրդի հոգեվիճակի հանդեպ, և այս համատեքստում տղերքի հաղթանակները կրկնակի են արժևորվում: Սովորաբար, պետության համար դժվարին փուլերում մարզական մեծ հաջողություններ չեն լինում, բայց ինչպես տեսնում ենք, հայ մարզիկները կոտրեցին այս կարծրատիպը, ինչը կայուն հիմք է հանդիսանում նորանոր հաղթանակների համար:

Եվ ոչինչ չի խանգարում պնդել, որ հենց սպորտը կարող է լինել ազգային վերածննդի, ազգային համերաշխության նոր երաշխիքը:
Ապրե՛ք տղե՛րք, շնորհավորում ենք և երախտապարտ ենք…