Search
Close this search box.

«Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ի 15 աշխատակիցներ՝ «սուր էկզոգեն թունավորում թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshayn.com-ի տեղեկություններով, Ժամը 14:30-ի սահմաններում, «Նոր-Հաճնի» պոլիկլինկայից ոստիկանության Նաիրիի բաժին և ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային հատվածի հեմատոմա, գլխուղեղի ցնցում հարցականով, այրման հետևանքով առաջացած գազերի ներշնչում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Պոլիկլինկա է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Նոր Գեղի գյուղի բնակիչ, 35-ամյա Քնարիկ Մ.-ն է, ով աշխատում է Կոտայքի մարզում գործող «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում: Ոստիկանները պարզել են նաև, նրա ինքնազգացողությունը վատացել է նշված ՍՊԸ-ում և վայր է ընկել:

Մինչ ոստիկանության Նաիրիի բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 16:30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «ծխահարության» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 17:00-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազային խառնուրդ, գոլորշիների թունավորումից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացի:

Այս անգամ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ռոզա Գ.-ն, 56-ամյա Քանաքարա Ն.-ն, 43-ամյա Նախշուն Ա.-ն, 36-ամյա Հովհաննես Մ.-ն, 36-ամյա Արմինե Ս.-ն, 60-ամյա Տիմա Մ.-ն, 29-ամյա Արմինե Օ.-ն, 42-ամյա Սուսաննա Մ.-ն, 35-ամյա Լուսինե Հ.-ն, 46-ամյա Գրետա Ն.-ն և 33-ամյա Նաիրա Մ.-ն:

Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է «Արգոթեք Ինվեստ» ՍՊԸ-ում՝ աշխատանքի ժամանակ: