Search
Close this search box.

Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են. Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ անձամբ պատասխանատվություն է կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում։
Սաղաթելյանը պատասխանեց երեկվանից հնչող հարցադրմանը, թե ովքեր են պատասխանատվություն կրում տեղի ունեցած բախումների համար։

«Այս պարագայում անձնավորում եմ, որովհետև երեկվանից անձնավորված են խոսում։ Ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն եմ կրում։ Մենք ո՛չ պատասխանատվությունից խուսափող ենք, ո՛չ փախչող։ Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այս պայքարի մեջ ենք։ Բայց դուք` օրվա իշխանություններ, պատասխանատվություն եք կրում այն 5000 տղաների համար, որոնց պատերազմում զոհաբերեցիք»,–ասաց Սաղաթելյանը։