Search
Close this search box.

Ցուցահանդես, ուրախություն, խաղեր, գույներ, փուչիկներ. «Շուշան արտ ստուդիա»-յի միջոցառումը

Հունիսի 1-ին «Մոսկվայի տան» կենտրոնում տոնական տրամադրություն էր: Երեխաների պաշտպանության օրվա հաճելի առիթով ամփոփեցին մեկ տարվա իրենց կատարած աշխատանքը նկարչական տպավորիչ ցուցահանդեսով: Մեծաթիվ հյուրեր շրջում էին ցուցասրահում ու հիանում երեխաների երևակայությամբ, ներկայացված նկարների գունային հետաքրքիր խաղերով ու ասելիքով:

Միջոցառումը ողջունեց ու շատ կարևորեց Մոսկվայի տան տնօրեն Վահրամ Կարապետյանի կողմից՝ մաղթելով, որ ստուդիայի գործունեությունը միշտ լինի շարունակական ու արվեստի նորանոր ուղղություններ ընդգրկի:

Ստուդիայի ղեկավար Շուշան Վարդանյանը նշեց, որ իր համար կրկնակի տոն է այսօր, քանի որ ստուդիայի սաների, ներդրված ջանքերի առաջին ամփոփումն է ցուցահանդեսի տեսքով, ու ամեն երեխայի նկարը շատ կարևոր մասնիկ է ստուդիայի գործունեության մեջ:

Ըստ Շուշան Վարդանյանի՝ բոլոր երեխաներն են տաղանդավոր, ու ստուդիայի նպատակն է յուրաքանչյուրին տալ ինքնաարտահայտվելու հնարավորություն. «Ի դեպ մի գաղտնիք էլ բացեմ: Այստեղ նաև մեր կան մեր տարեց աշակերտների նկարներ: Մեզ մոտ չկա տարիքային սահմանափակում: Չկա մարդ, որ նկարել չգիտի, կան մարդիկ, որ չգիտեն, թե ինչքան գեղեցիկ կարող է ստացվել իրենց մոտ նկարելը, դրա համար ուղղակի պետք է ճիշտ ուղղորդել նրան, որ կարողանա արտահայտել իր հույզերը պատկերի ու գույների միջոցով, մենք օգնում ենք, որ բացահայտեն իրենց տաղանդը», — ասում է Շուշանը՝ շեշտելով, որ միշտ մեծագույն հաճույքով են աշխատում ստուդիայի սաների հետ, ինչի շնորհիվ էլ այսօր մեծ ընտանիք է հավաքվել: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ ցուցահանդեսին միանալու համար, Մոսկվայի տանն էլ պատրաստակամության և համագործակցության համար: Շուշան Վարդանյանից հետո խոսքով հանդես եկան նաև միջոցառման հյուրերից Ռաֆայել Երանոսյանը, ինչպես նաև սաների ծնողներից բանաստեղծ Գոռ Հարությունյանը և Սաթվա Յոգա ստուդիայի տնօրեն Նարինե Բաղդասարյանը՝ դրվատանքի խոսքեր հղելով ստուդիայի հասցեին՝ երեխաների հետ կատարված մեծ աշխատանքի համար:

Ցուցահանդեսից զատ հավաքվածներին նաև այլ անակկալներ էին սպասվում «Մոսկվայի տան» տանիքում: Բաց երկնքի տակ երեխաների համար անցկացվեցին նկարչական մրցույթներ, ինտերակտիվ խաղեր, ապա նաև միասին նկարեցին մեկ մեծ կտավին՝ իրենց պոզիտիվ ու լուսավոր էներգետիկան փոխանցելով միմյանց: ՍտուդիՏոնական միջոցառման երաժշտական հյուրը «ԼաԼաՖա» վոկալ ստուդիայի սաներն էին, ովքեր հրաշալի կատարումներով ուրախացրին բոլորին: Միջոցառման ավարտին բոլոր երեխաները դեպի երկինք ուղարկեցին երազանքի փուչիկներ՝ ամփոփելով իսկապես ստացված օրը: