Search
Close this search box.

Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա․ Ա․ Բեգլարյան

Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, սակայն այս առումով առայժմ առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով, կարելի է պնդել, որ, ըստ էության, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջեւ պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»։

Նա նշել է, որ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ՝ դրանք տրամագծորեն հակառակ են։

Բեգլարյանն ընդգծել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»։