Search
Close this search box.

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիկ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` հավաքականի հնաբնակներից Անդրանիկ Կարապետյանը և առաջին անգամ մեծահասակների մրցաշարին մասնակցող Վարդան Մանուկյանը:

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 168 կգ և 174 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 178 կգ: Պոկում վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում երեք մոտեցումներից միայն մեկը հաջողեց` 191 կգ (չբարձրացրեց 196 կգ):

Երկամարտի 365 կգ արդյունքով Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: Վարդան Մանուկյանը պոկեց միայն 160 կգ, իսկ հրում վարժությունում զրո ստացավ:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիայից Անտոնիա Պիզոլատոն` երկամարտի 392 կգ արդյունքով: Նախօրեին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը: