Search
Close this search box.

Լավրովը մենակ չի գնա Թուրքիա․ նրա հետ կլինի զինվորականներից բաղկացած պատվիրակություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականության օրակարգային մի շարք հարցերի, ինչպիսիք են՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմում թուրքական միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը, Հունաստանի հետ առկա լարվածությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 8-ին նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա: Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այցի մասին տեղյակ են պահել ուկրաինական կողմին՝ հայտնելով, որ չեն ցանկանում տպավորություն ստեղծվի, որ Թուրքիան կողմերից միայն մեկի հետ է բանակցում:

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ Լավրովի և ռուսական պատվիրակության հետ հանդիպման օրակարգում է լինելու Սև ծովում անվտանգության միջանցքի ստեղծման հարցը, որը կներառի նաև ցորենի խնդիրը:

«Մեր պաշտպանության նախարարությունը և զինվորականները, համապատասխան ստորաբաժանումների հետ միասին կնստեն և տեխնիկական տեսանկյունից կքննարկեն, թե այս անվտանգ միջանցքի ստեղծման, նավերի մուտք ու ելքի համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել»։