Search
Close this search box.

Հուլիսի 1-ից բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկմանը ժամանակ տեղեկացրել է․

Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել՝ հուլիսի 1-ից կանխիկի կրճատման օրենքը մտնում է շրջանառության մեջ, շատ լուրջ սահմանափակումներ ենք իրականացնում: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում՝ օրինակ, բնակարանի առք ու վաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել, կամ հնարավոր է լինելու իրականացնել, պարզապես հետագայում վիճարկվելու դեպքում իրավական ուժ չի ունենալու այդ գործարքը: Եվ, հետևաբար, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ բնակարան և ավտոմեքենա ձեռք բերել հնարավոր չի լինելու կանխիկով: Բոլոր գործարքները պետք է տեղի ունենան անկանխիկ եղանակով, և սա իր հերթին բերելու է լրացուցիչ ֆիսկալ էֆեկտներ:

Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար: Այն նույնպես շատ կարևոր և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ քաղաքակրթական նշանակություն ունի, և այս առումով նաև չափազանց կարևորում եմ:

Ուզում եմ ընդգծել, որ այս տարվանից ուժի մեջ մտավ գույքահարկի նոր համակարգը, որն էականորեն և լրջորեն, նախ, ուժեղացնելու է տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետև նրանց հարկային եկամուտներն են ավելանալու: Մյուս կողմից, իհարկե, քաղաքակրթական նշանակություն նույնպես ունենալու է այս օրենքը, որովհետև կարծում եմ, որ մեր կյանքում տնտեսական հաշվարկն ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների: Ուզում եմ մեկ այդպիսի օրինակ բերել. մենք տեսնում ենք, որ շատ երկրներում՝ սկսած գյուղերից ինչպիսի կոկիկ քաղաքաշինական տեսք ունեն: Իմ համոզմունքն է, որ դրա մեջ շատ էական նշանակություն ունի գույքահարկի համակարգը, որովհետև մարդիկ ոչ թե ուղղակի տուն են կառուցում, այլ կառուցելիս փորձում են հաշվարկել, որ առաջիկա 50 տարվա ընթացքում եթե այս մի նախագիծն ընտրեն՝ որքան գույքային հարկ են վճարելու, եթե մյուս նախագիծն ընտրեն՝ որքան:

Ուզում եմ ընդգծել նաև մեր բոլորովին վերջերս ընդունած ծրագիրը, որ մենք անվանում ենք ռենովացիայի ծրագիր, որի նպատակը հետևյալն է՝ խթանել, որպեսզի քաղաքացիները վերակառուցեն իրենց բնակարանները: Ընդ որում՝ պարտադիր պայման է, որ այդ ստացվող վարկի 30 տոկոսը պետք է անպայման ծախսվի էներգախնայողության համար: Սա նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև էներգակիրների գները շատ զգայուն են սոցիալական առումով, բոլոր առումներով, բայց մենք չենք հաշվարկում երբեք, թե մեր սպառած էներգիայի որ մասով ենք մեր բնակարանը տաքացնում և որ մասով ենք, կներեք արտահայտությանս, տաքացնում մեր բնակարանը շրջապատող տարածքը: Իհարկե, արդյունավետությունն ամենակարևոր խնդիրն է, որ պիտի ամեն քայլափոխի փորձենք լուծել, և մեր Կառավարությունը գնալու է այս ճանապարհով: