Search
Close this search box.

Ի՞նչ է հայտարարում պաշտոնական Բաքուն

Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Սա միայն մեկ քայլ չէ, այլ գործընթաց, որին նպաստում է բրյուսելյան հանդիպումը։ Մենք այս հանդիպումն օգտակար ենք համարում»,- ասաց նա։

Բայրամովը չի բացառել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նոր հեռախոսազրույցների հնարավորությունը։ Նա հիշեցրեց, որ ապրիլին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտգործնախարարների միջև, որի ընթացքում հայկական կողմին ներկայացվել է Բաքվի մոտեցումը սահմանազատման հանձնաժողովի վերաբերյալ։

«Այդ հեռախոսազրույցները կապված են հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ։ Ներկա պահին հաջորդ հեռախոսազրույցի օրը որոշված ​​չէ։ Այդուհանդերձ, ես չեմ բացառում, որ անհրաժեշտության դեպքում նոր հեռախոսազրույցներ կկազմակերպվեն»,- ասաց նա։

Բայրամովը նաև նշել է, որ ակնկալում է, որ հանձնաժողովի հաջորդ նիստում կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի։ Նա ասել է, որ Ադրբեջանը համակարգված քայլեր է ձեռնարկում կարգավորման ուղղությամբ, և հիշեցրել է, որ ադրբեջանական կողմից ճանապարհների և երկաթգծերի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։