Search
Close this search box.

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող տարածքից գողություն է կատարվելու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները հասել են այն պահին, երբ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։

Ոստիկանները հրահանգել են, որ այդ, ինչպես նաև մեկ այլ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմել են փախուստի։

Սկսվել է հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության են հասել պարեկները։

Հետապնդումը շարունակվել է մինչև Դավիթ Բեկի փողոցը։ Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգել են, որ փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակել են դիմել փախուստի։

Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված «Ֆորդ»-ը հետապնդել են մոտ 4 կմ, ու ծառայողական ավտոմեքենան վարող պարեկը նախազգուշական կրակոցներ է արձակել օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում «Ֆորդ»-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակել «Ֆորդ»-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո «Ֆորդ»-ի վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվել «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։

Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմել են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվել է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, որոնք էլ բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Կողաշրջված ավտոմեքենայում հայտնաբերվել են խոշոր չափի պղնձե մալուխներ, ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մյուս փախուստի դիմած ավտոմեքենան նույնպես հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև հատուկ մալուխե կաբելներ կտրելու համար նախատեսված մկրատ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիքներից է։