Search
Close this search box.

Թուրքիան ռազմական գործողություն է սկսում․ Նախիջեւանն ընդգծվեց Ալիեւ-Էրդողան զրույցում

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Ալիեւը զանգել է Էրդողանին եւ ներկայացրել դրա արդյունքները։ Նա հատկապես ընդգծել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ, այդ թվում թե երկաթուղու, թե մայրուղու հարցերով։ Հատկանշական է, որ Բրյուսելի հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ նույնպես ընդգծվում է «Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունները բացելու» մասին։

Բաքուն դրա համար ամեն ինչ պատրաստել է՝ լոգիստիկ կենտրոնը Արցախի օկուպացված հարավում, իսկ ՀՀ Սյունիքի մարզում նրա ներխուժումները համընկնում են ավտոմոբիլային ապագա ճանապարհներին։ Բրյուսելում նախորդ հանդիպմանը մայրուղիների վերաբերյալ համաձայնություն չէր եղել, ինչպես հետո հայտարարել էր Շառլ Միշելը։

Բաքուն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Իրանի տարածքով Նախիջեւանի հետ «միջանցքի» գործարկման վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, Բաքուն պնդում է «Զանգեզուրի արտատարածքային միջանցքը», եւ դրա պատճառը զուտ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետի իրագործումը եւ Նախիջեւանի հետ ցամաքային կապ բացելու խնդիրը չէ։ Խնդիրն առավել լայն է եւ առնչվում է 1921-ի Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի թարմացմանը ընդլայնված կիրառմամբ։ Դրանց իրավական առավելագույն ժամկետը սպառվել է, ինչով էլ պայմանավորված էր 2020-ի ռուս-թուրքական արշավը Հայաստանի դեմ։ Այդ պայմանագրերով Նախիջեւանը հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես փոխանցված Բաքվի խնամակալությանը։ Իր հերթին, բաց են մնում Կարսի եւ հայկական օկուպացված այլ տարածքների խնդիրները Թուրքիայի համար, քանի որ Լոզանի պայմանագիրն իրավական խիստ իմաստով անվավեր է։ Այդ պայմանագրով է Կարսը ճանաչվել Թուրքիայի տարածք։

Սահմանների այս խնդիրը հնարավորություն էր՝ Հայաստանի բոլոր խնդիրները միավորելու եւ ամուր դիրքեր ստանալու առնվազն Արցախի անվտանգության, կարգավիճակի եւ փախստականների վերադարձի հարցերում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը գնաց հակառակ՝ խնդիրներն իրարից անջատելու եւ դրանցից ազատվելու ճանապարհով, նենգափոխելով դրանց էությունը:

«Խաղաղության պայմանագիրը» նշանակում է փոխադարձ ճանաչում, ինչն անհնար է առանց սահմանների ճանաչման, որով սակայն ամեն ինչ չի ավարտվում, ինչպես փորձում են ներկայացնել Փաշինյանն ու ԱԳՆ-ն։ Արցախը եւ Նախիջեւանը ճանաչվում են Բաքվի տարածքներ, իսկ հայ-թուրքական «կարգավորմամբ» ճանաչվում է Կարսի, Իգդիր-Արարատ-Բայազեթի պատկանելությունը Թուրքիային, որը կարող է տեղի ունենալ միայն Երեւանի ստորագրությամբ։ Հայաստանը կորցնում է միջազգային սուբյեկտության վերջին նշույլները՝ դրանից բխող հետեւանքներով։

Թուրքիան Բրյուսելի եռակողմ հանդիպումից եւ պայմանավորվածություններից հետո հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայում՝ 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու համար։ Թուրքիան փորձում է այստեղ եւս «լեգիտիմացնել» իր սահմանները։
lragir.am