Search
Close this search box.

Կապիկի ծաղիկը հասավ Իսպանիա. վիրուսաբանը՝ աշխարհում կապիկի ծաղիկի բռնկման վտանգի մասին

Իսպանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 30-ի, հայտնում է Pais թերթը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը։

Հրատարակության տվյալներով՝ վարակվածների դրական արդյունքները հաստատվել են ՊՇՌ թեստերով։ Այսպիսով, 23 ՊՇՌ թեստ, որոնք վերցվել են կապիկի ծաղիկի կասկածանքով հիվանդներից և իրականացվել մանրէաբանության ազգային կենտրոնում, դրական են եղել։ Ավելի վաղ երկրում գրանցվել էր յոթ դեպք։

Pais-ը գրում է, որ վարակվածների մեծ մասը մոտ 35 տարեկան տղամարդիկ են։ Ենթադրվում է, որ նրանք վարակվել են այլ տղամարդկանց հետ սեռական շփման արդյունքում։

Հնարավոր է, որ կապիկի ծաղիկով հիվանդ մարդկանց թիվը մեծանա, սակայն բռնկումը թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհում քիչ հավանական է։ Այս կարծիքին է Գամալեյա կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը, նրա խոսքերը մեջբերում է «Известия»-ն։

Նա նաև նշել է, որ այս հիվանդությունը երբեք չի սպառնացել մարդկությանը։ «Կարծում եմ՝ վիրուսի բնույթը չի փոխվել։ Նման վիրուսները բավականին թույլ են փոխվում՝ ի տարբերություն կորոնավիրուսի։ Կարծում եմ, որ համաճարակ մեզ չի սպառնում ո՛չ գլոբալ, ո՛չ էլ Ռուսաստանում»,- ասել է Ալտշտեյնը։