Search
Close this search box.

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»-ը հայտարարություն է տարածել

Մայիսի 19-ի մեր «Չվհատվել, լինել ուժեղ» հրապարակումը բավականին լայն արձագանք գտավ թե շարքային ընթերցողի և թե առանձին լրատվականների, այդ թվում «Չորրորդ իշխանության» կողմից: Ընդհանրապես մենք ձեռնպահ ենք մնում արձագանքներին անդրադառնալուց, սակայն այս դեպքում հարկ ենք համարում որոշակի մեկնաբանություն տալ. այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

«Արմեն Գրիգորյանին առնչվող խնդրին մենք անդրադարձել ենք, քանի որ ակնհայտ է եղել, որ նրան բերման ենթարկելու ժամանակ անհարկի, անհամաչափ ուժ է գործադրվել, որն իր մեջ անձին պատժելու, հանրությանը վախեցնելու մեսիջներ է պարունակել, իսկ ձերբակալման ու կալանավորման հիմքերն էլ համոզիչ չեն եղել` հաշվի առնելով, որ Արմեն Գրիգորյանը մեր հայրենակիցների հասցեին անթույլատրելի հայտարարությունները արել էր շուրջ մեկ տարի առաջ:

Ցավոք ստիպված ենք համաձայնել Ձեր այն դիտարկմանը, որ այսօր մեր պետության, ազգի հասցեին կարող են վիրավորական, նվաստացնող արտահայտություններ հնչեցնել ոչ միայն երկրի ներսում` հայ մարդը, այլև օտարերկրացին: 44-օրյա պատերազմից, 2021-ի խնդրահարույց ընտրություններից ու հատկապես կեղծ օրակարգով «խաղաղության դարաշրջան» հայտարարելուց հետո մենք դարձանք առանձնապես խոցելի թիրախ: Մեզ սկսեցին ծաղրել, նվաստացնել՝ համարելով, որ վերջնականապես պարտված, չպայքարող, մեր հայրենիքի շահը չգիտակցող, հաղթանակի միֆով տարիներ շարունակ ապրած, իրականում կարևորություն չներկայացնող, ողնաշարը կոտրված, խղճուկ ազգ ու պետություն ենք: Պետք է ազնվություն ունենալ խոստովանելու, որ այս ամենի պատճառները գործող իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունն են, թույլ տված բացթողումները:

Ինչ վերաբերում է մեր կառույցին, հիշեցնում ենք, որ այն միավորում է ազգային ավտանգության ծառայության պահեստազորում գտնվող սպաներին, որոնցից շատերը պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին և պարգևների են արժանացել երկրի անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար:

Անդրադառնանք նաև ԿԳԲ-շնիկ պիտակավորմանը: Դրանով մեզ չեք կարող վիրավորել: Հիշեք, որ Խորհրդային Միության տարիներից է հայաստանյան հատուկ ծառայությունը համարվել առաջիններից մեկը (ցանկության դեպքում կարող եք նայել մեր էջում հրապարակվող «Անտեսանելի ճակատի մարտիկներ» շարքը) ու մեր ավագ ընկերների շնորհիվ է հնարավոր դարձել Հայաստանի անկախությունից հետո շարունակել լավագույն ձեռքբերումները, ԱԱԾ-ն համալրել պրոֆեսիոնալ, հայրենիքին նվիրված աշխատակիցներով: Դրանով է պայմանավորված նաև այն իրողությունը, որ 1994-ի հունվարին, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, կառույցի գործունեությունը դադարեցվելուց հետո, ընդամենը երեք ամիս անց իշխանությունները գիտակցեցին երկրի անվտանգային համակարգում Ծառայության կարևորագույն դերակատարությունը, վերաբացեցին այն և նոր ուժ ու որակ հաղորդեցին գործունեությանը:

Շնորհակալ ենք, որ հետևում եք մեր հրապարակումներին»,-նշվում է հայտարարության մեջ: