Search
Close this search box.

Կորած ձկնորսներն առանց թույլտվության ձկնորսությամբ են զբաղվել՝ ամեն ամիս կաշառք տալով․ կհարցուցվի քրգործ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181-րդ հոդվածների կարգով հանձնարարվել է ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր նախապատրաստել Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից Է. Հարությունյանին հասցեագրված ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 76-ամյա Հենզել Աբրոյանը մարզի դատախազին հայտնել է, որ մայիսի 6-ին իր ազգականներ, համագյուղացիներ 21-ամյա Իշխան Աբրոյանն ու 53-ամյա Ավետիք Սևոյանը ձկնորսության նպատակով Սևանա լճի Զոլաքար-Վարդենիկ գյուղերի հատվածում ջրահեղձ են եղել ու մինչև օրս չեն հայտնաբերվել: Աբրոյանը հայտնել է նաև, որ Սևանա լճում անհետ կորած իր բարեկամները 1 տարուց ավել չեն ունեցել արդյունագործական ձկան որսի համապատասխան թույլտվություն, սակայն զբաղվել են ձկնորսությամբ ու դրա դիմաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 56-ամյա Թաթուլ Բաղդասարյանի պահանջով ամեն ամիս գումար են տվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամը 05։50-ից Սևանա լճում շարունակվել էին որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ջրահեղձ եղած 2 բնակչի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։ Մայիսի 13-ին, որոնողական աշխատանքները ԱԻ նախարարի կարգադրությամբ տեղում ղեկավարել էին ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Կարապետ Մանուկյանը։

Որոնողական աշխատանքներին առաջին օրվանից մասնակցում են մեծ թվով քաղաքացիներ՝ Վարդենիկ, Զոլաքար, Նորատուս գյուղերից, ինչպես նաև Մարտունի քաղաքի բնակիչներ և ԱԻՆ ՓԾ ջրասուզակներ։ Ցավոք, որոնողական աշխատանքները մինչև այսօր արդյունք չեն տվել։ Այս պահին դրանք շարունակվում են։