Search
Close this search box.

Սոֆիայում վախճանվել է Եվրոպայի ամենահայտնի հայ աճպարարը

Սոֆիայում վախճանվել է Եվրոպայի ամենահայտնի հայ աճպարարը՝ Աստորը (Անդրանիկ Արաբաջյանը)

Կյանքով լեցուն, կատակասեր, տաղանդավոր ու հայրենասեր հայորդի, որ կառուցել էր մոգության տունը՝ Կախարդական թատրոնը։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի գրասենյակից տեղեկացանք, որ մայիսի 16-ին Սոֆիայում 79 տարեկան հասակում վախճանվել է Բուլղարիայի եւ Եվրոպայի ամենահայտնի հայ աճպարարը՝ մոգության վարպետ Աստորը (Անդրանիկ Արաբաջյանը)։

Աստորը ծնվել էր 1943 թվականի նոյեմբերի 18-ին բուլղարական Շումեն քաղաքում։ Ծնողները գաղթել էին Թուրքիայից։ Ութ տարեկանից հրապուրվել է աճպարարությամբ, ֆոկուսներով, իսկ առաջին անգամ ելույթ է ունեցել զինվորական ծառայության ընթացքում։ Նրա կյանքում մեծ դեր են խաղացել չեխական Կարլովի Վարի քաղաքում անցկացվող իլյուզոնիստների՝ աճպարարների ամենամյա փառատոնները, որտեղ բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Ապա նմանատիպ փառատոններ են կազմակերպել Բուլղարիայում։ Նրա կյանքում բացառիկ նշանակություն է ունեցել, երբ 1981 թվականին ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում նրան շնորհել են աճպարարության բնագավառում միջազգային ամենապատվավոր մրցանակը՝ «Ոսկե Օսկարը»։ Այդ մրցանակից հետո, երեք տարի Լաս Վեգասում է աշխատել։ Երկու անգամ նաեւ Հայաստանում է եղել, ելույթ է ունեցել տարբեր ակումբներում։

Հայտնի Իսահակ Գոգեսն իր գրքում Աստորին անվանել է «Մոգության թագավոր»։ Լույս է տեսել Աստորին նվիրված մենագրություն։ Տաղանդավոր հայը աճպարարության 1000-ից ավելի համար ուներ եւ հպարտանում էր, որ ինքը ոչ միայն աճպարար է, այլեւ դերասան։