Search
Close this search box.

Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ գեներալ-լեյտենանտը փրկել է հրամանատարին, զինվորներին թողել է, որ մահանան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործով: Այն ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսեւորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին այս հոդվածով սպառնում է ազատազրկում 7-13 տարի ժամկետով:

Մակարյանը 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու է հանդիսացել: ՔԿ-ն պարզել է, որ նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի գլխավորությամբ, Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ: «Նման պայմաններում Ա. Մ.-ն … իրեն ենթակա անձնակազմին տալով «նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք, որպիսի գործողությունների հետեւանքով շրջափակման մեջ հայտնված Ա. Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Անդրանիկ Մակարյանը Կովսականի գծով պատասխանատուն է եղել: ՊՆ ներքին աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ նա ոչ բոլորի նկատմամբ է «անգործություն» ցուցաբերել ու թողել, որ մահանան «անհավասար մարտում»:

«Նա իր նախկին տեղակալ Նշանյանի տղային, որը հրամանատար էր, հանել է, փախցրել է այնտեղից, իսկ մնացածին թողել է, որ կոտորվեն: Զարմանալի է, թե ոնց են մեր հարգված զինվորականներն այսպես պահել իրենց, այն դեպքում, երբ իրապես հերոսանալու շանս են ունեցել»,- ասում է ՊՆ աղբյուրը: Խոսքը «քիմիկների» վարչության՝ ՌՔԿՊ զորքերի պետ Վարդան Նշանյանի որդու մասին է:

Այս դրվագը նույնպես նկարագրված է ՔԿ հաղորդման մեջ. «Ա. Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ. Ն.-ին հաճոյանալու, ստեղծված վստահությունն ամրապնդելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ իր ենթակայությամբ ծառայող Գ. Ն․-ին, ով հանդիսացել է Վ. Ն.-ի որդին, առանց համապատասխան հրամանի ձեւակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին քաղաք եւ զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով»:

Ա. Ա․-ն, մեր տեղեկություններով, հրամանատար է, Անդրանիկ Մակարյանի ենթականերից: Նրա անունը 2020 թվականի դեկտեմբերին տալիս էին Էջմիածնի զորամասի մոտ ցույցի դուրս եկած ծնողները, որոնց որդիներն անհետ կորել էին:

Նրանք պատմում էին, որ Ա. Ա․-ն՝ Արսեն Աբգարյանը, փախած հրամանատարներից է, միայն նա էր վերադարձել մարտի դաշտից: Էջմիածնի զորամասը հայտնի է որպես «քիմիկների զորամաս»: Հենց այս ցույցից հետո էլ գեներալ լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի դեմ քրեական գործ հարուցվեց:
Ծնողները պատմում էին, որ երեխաներին տարել են իբրեւ հատուկ ջոկատայինների, որ նրանք նույնիսկ զրահաբաճկոն ու սաղավարտ չեն ունեցել, որովհետեւ «քիմիկներին» հաստիքով չեն տրամադրվում: Անհայտ կորածների ծնողները պատմում էին, որ 16 վերադարձածների մեջ հրամանատարներ են եղել:

Արսեն Աբգարյանին եւս մեղադրանք է առաջադրվել: «N զորամասի հրամանատար Ա. Ա.-ն, 2020թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա. Մ․-ից ստանալով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող Կիրի Հանք անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել եւ ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետեւանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: