Search
Close this search box.

Անհասկանալի է հայկական կողմի դիրքորոշումը . ի՞նչ է նշանակում «փոխանակել

Հայկական, ադրբեջանական և ռուսական մամուլում սկսեց ակտիվ քննարկվել անկլավների խնդիրը: Կարծիքներն իրարամերժ են: Հայկական կողմն, ի դեմս ԱԽՔ-ի, «հույսեր» ուներ, որ անկլավները դե յուրե կփոխանակվեն: Ադրբեջանական կողմն էլ «իր» անկլավներն է պահանջում: Հայկական կողմի մեկ այլ սեգմենտի ներկայացուցիչ Մարուքյան Էդմոնն էլ ասում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում անկլավ չունի, փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանում Արծվաշեն ունի: Վեճն ընդլայնվում է և կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ:

Մեծ հաշվով, հասկանալի է ադրբեջանական կողմի մոտեցումը: Նրանք կարծում են, որ պետք է վերականգնվեն այն սահմանները, որոնք ժաանգություն ենք ստացել ԽՍՀՄ-ից: Թերևս անհասկանալի է հայկական կողմի դիրքորոշումը: Ի՞նչ է նշանակում «փոխանակել»: Սովորաբար, փոխանակում են այն, ինչ սեփականության իրավունքով քեզ է պատկանում:

Մարդիկ, հավելավճարով կամ առանց դրա, շարժական և անշարժ գույք են փոխանակում միայն այն դեպքում, երբ այդ գույքն օրենքով իրենց է պատկանում: Առանց լիազորագրի, ուրիշի գույքի հետ գործարք իրականացնելը քրեորեն պատժելի արարք է: Արծվաշենը վերացական հասկացություն չէ: Այն ուներ շուրջ 4600 բնակիչ: Վերջիններս շարժական և անշարժ գույք ունեին՝ տներ, ավտոմեքենաներ, հողեր (էլ չեմ խոսում կահույքի, զարդերի և կենցաղային տեխնիկայի մասին): Տեր-Պետրոսյան Լևոնի խոսքերով, 1992թ օգոստոսի 8-ին այդ ամենը դե ֆակտո փոխանակվել է: Այսինք, պետությունը փաստացի փոխանակել է իրեն չպատկանող գույքը և մարսել է իրականացված հանցանքը:

30 տարիների ընթացքում, մեծ ջանքերի շնորհիվ, միայն որոշ արծվաշենցիներին է հաջողվել որպես «փոխհատուցում» ստանալ 360 000-ական դրամ (~750 ԱՄՆ դոլար) մեկ ընտանիքի հաշվարկով: Եվ վերջ:
Այժմ, քննարկվում է Արծվաշենն արդեն դե յուրե փոխանակելու հարցը: ԱԽՔ-ն էլ «հույս ունի», որ անկլավներն «իրենց տեղերում կմնան»:

Ես կհասկանայի, եթե ԱԽՔ-ը կամ մյուսները իրենց պատկանող գույքի փոխանակմամբ զբաղվեին, կամ ողջամիտ գնով գնեին արծվաշենցիների գույքը և, թեկուզ՝ տասնապատիկ թանկ փոխարժեքով այն փոխանակեին, կամ՝ ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենի «փոխանակման» հարցը հանրաքվեով լուծեին: Սրանք ոչ մեկն են անում, ոչ՝ մյուսը, ոչ էլ՝ երրորդը: Սրանք չորրորդ տարբերակն են իրագործում՝ «փոխանակում են» այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքը:

Ընդ որում, առանց իրավաչափության նշույլի, առանց փոխհատուցման, առանց ամաչելու, առանց ներողության: Ավելին՝ 2019թ դեկտեմբերի 5-ին Փաշինյան Նիկոլը փոխհատուցում պահանջող արծվաշենցիներին «չուզող հարևաններ» անվանեց:
Միգուցե լավ չհնչի, սակայն նախանձում եմ ադրբեջանցիներին:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան