Search
Close this search box.

Բոլորն օրենքի առջև հավասար են,. Արցախի նախագահի խոսնակը՝ գեներալի ձերբակալության մասին

Մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացրել էր Արցախի դատախազությունը։

Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

«Արցախպրես»-ը դիմել է ԱՀ Նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին, ով, մասնավորապես, ասել է.

«Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում մայիսի 10-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Լ. Ավանեսյանը: