Search
Close this search box.

ՖՈՏՈ. Միասնականանալ և ստեղծել ուժեղ պետություն. Միասին շարժման երթի ուղերձը

Արդեն 2-րդ տարին անընդմեջ Շուշիի ազատագրման օրը մենք նշում ենք առանց Շուշիի: Մեր պատմության փառավոր էջերից մեկը, մեր հաղթականության սիմվոլը իր ազատագրման 30-րդ տարեդարձի օրը մեզ հետ չէ: Բայց մենք պարտք ունենք մեր հայրենիքի համար ընկածների առաջ: Եվ մենք պարտավոր էինք այսօր լինել Եռաբլուրում:

Ավանդական երթ Միասին շարժման նախաձեռնությամբ: Զոհված նահատակների նկարները և հայկական եռագույնը ձեռքներին հայրենասիրական երգերի հնչյունների ներքո շարժվեց դեպի Եռաբլուր: Հավաքը տարբերվում էր նրանով, որ այն որևէ քաղաքական և կուսակցական շարժառիթներ չուներ: Այստեղ հավաքվել էին մարդիկ, ովքեր ըմբռնում են Շուշիի խորհուրդն ու կարևորում մեր ոգու ամրությունը:

Երթի նպատակն է տարածել համերաշխություն և միասնություն, որի կարիքն այսօր շատ ունենք: Այսօր մենքի և միասնության կարևորության օրն է, ասում է Միասին շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը. «Եռաբլուրը սգո տեղ չէ, այն մեր ոգու տաճարն է և մենք եկել ենք սնուցվելու, հասկանալու, թե ինչ ենք մենք ուզում: Տղերքի զոհողությունը բավարար արժևորված չէ, արժևորել տղերքին նշանակում է միասնականանալ ու բարձրացնել մեր նշաձողը, չկարողանալու իրավունք մեզ ոչ ոք չի տվել»:

Մասնակիցների համար երթը միասնության խորհուրդ ունի. միասնականանալ և շարունակել մեր տղաների գործը՝ կառուցելով ազգային և կազմակերպված պետություն: Անանիա Շիրակացի ճեմարանի միջին դպրոցի տնօրեն Տաթևիկ Արզումանյանը դառնացած սրտով, բայց մեծ հավատով է այսօր եկել Եռաբլուր ցույց տալու, որ ոչ ոք չի մոռացվել, եկել է գնահատելու և կարևորելու այն ներդրումն ու զոհողությունը, որ իրագործեցին մեր տղաները:
Հադրութցի Լիանա Պետրոսյանի համար այս երթը նաև պահանջատիրության խորհուրդ ունի, որովհետև մենք ունենք բռնազավթված Հադրութ ու Շուշի, որտեղ դեռ հաղթանակներ պիտի կերտենք:

Եռաբլուրի բարձրունքում հնչող հայրենասիրական երգ ու պարով Միասինը ցույց տվեց, որ մենք կարող ենք լինել միասին, ունենալ միասնականության օրակարգ և պայքարելով հասնել հաղթանակների: Վերջում հավաքի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար նահատակվածների շիրիմիներին: