Search
Close this search box.

Սահմանազատման հանձնաժողովը Մհեր Գրիգորյա՞նը կգլխավորի. փոխվարչապետի գրասենյակը լռում է, Ադրբեջանը՝ ակնարկում

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ սահմանազատման հանձնաժողովը կգլխավորեն փոխվարչապետները, իսկ անկլավների վերադարձի հարցը կքննարկվի նրանց աշխատանքի ընթացքում:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահի ամենահավանական թեկնածուն է: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ հաստատված չէ, սակայն լուրերն ակտիվորեն շրջանառվում են մերձիշխանական շրջանակներում։
Sputnik Արմենիան անկլավների և Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ և մինչ օրս պատասխան չի ստացել, թեև սահմանված ժամկետից ավելի քան 10 օր է անցել:
Ավելի վաղ Բաքուն առաջարկել էր, որ հանձնաժողովը գլխավորեն երկու երկրների փոխվարչապետները:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մայիսի 10-ին հայտնել է, որ Բաքուն իր թեկնածուին արդեն համաձայնեցրել է Երևանի հետ: Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։

«Դեռ առաջին հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ըմբռնումով ընդունեց դա՝ ասելով, որ այդ առաջարկը քննարկելու համար Հայաստանում լրացուցիչ ժամանակ է պետք։ Հետո հայկական կողմը հայտարարեց, որ այդ առաջարկն ընդունելի է իրենց համար։ Հանձնաժողովի կազմի մասին կողմերի միջև պայմանավորվածություն կա»,-հայտարարել է Բայրամովը։
Դեռևս ապրիլի երկրորդ կեսին Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել փոխվարչապետի գրասենյակ պարզելու համար, թե հայկական կողմից ով է գլխավորելու սահմանազատման հանձնաժողովը և երբ է այն ստեղծվելու։ Մենք նաև հետաքրքրվել էինք` արդյոք սահմանազատումն իրականացվելու է Ադրբեջանի հետ խորհրդային սահմանի ողջ երկայնքով, և քննարկվելու է արդյոք անկլավների/էքսկլավների հարցը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն այսօր լրագրողներին ասել է, որ անկլավների վերադարձի հարցը քննարկվելու է Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում։