Search
Close this search box.

Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. ՔԿ-ն մանրամասներ հաղորդել հաղորդավարուհու մահվան դեպքից

Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Հայտնել էինք, որ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ է դարձել։ Նա նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն է ընկել։

«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։

Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։
Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։

Ի դեպ, ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։ «Հորդառատ անձրևների պատճառով՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով չենք կարող ռաֆտել, քանի որ վտանգավորության աստիճանը բարձր է»,–գրված է պարզաբանման մեջ։
Արմինե Ճաղարյանը 31 տարեկան էր, նա վերջերս էր ամուսնացել։