Search
Close this search box.

ՖՈՏՈ. Օհանավանի ձորում արջը իր 2 քոթոթներով հարձակվել է սիբեխ հավաքող տղամարդու վրա. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:10–ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին ստորին երրորդականի, աջից թևատակի շրջանների արջի կծած, պատռած և ջնջխված վերքեր» ախտորոշամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Օհանավան գյուղի բնակիչ, 68-ամյա Հայրապետ Հայրապետյանն է, ով ժամը 13:30-ի սահմաններում գտնվել է Օհանավան գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում, որտեղ արջը իր 2 քոթոթների հետ հարձակվել է նրա վրա, պատճառելով նշված վնասվածքները: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի հետ զրույցում Հ. Հայրապետյանն ասում էր. «Սովորույթի համաձայն, գնացել էի էդ վայրում սիբեխ հավաքելու: Հասա ջրի ափին, արջը 2 քոթոթներով հարձակվեց վրես: Դիմադրում էի, լավ էր՝ դանակը ձեռքս էր, ճիշտ կողմնորոշվեցի ու պաշտպանվում էի անընդհատ: Կարողացա հարվածել արջի երախին, դրանից հետո մի քանի անգամ ճանկեց ոտքս, դոշս ու հեռացավ: Աստված փրկեց ինձ, որ համ արջի ճանկերից ու երախից պրծա, համ էլ Էդ վիճակով կարողացա ահագին հատված ոտքով գնամ ու զանգել եմ ընկերոջս, ով այնուհետև ավտոմեքենայով ինձ տեղափոխեց հիվանդանոց: Գոհ եմ Աշտարակի հիվանդանոցի բժիշկներից, ովքեր առաջին պահից ամեն բան արեցին, որ ուշքի գամ: Քիչ բան չի, սապոքիս մեջ լրիվ արյուն էր:

Հիմա՝ ոչինչ, լավ եմ զգում, բայց բժիշկների հորդորով բուժումս դեռ մի քանի օր պետք է ստանամ»:

Կայքի տեղեկություններով՝ քանի որ Հ. Հայրապետյանը թոշակառու է, բազմազավակ ընտանիքի ծնող և սոցիալապես անապահով է, դեպքի մասին տեղեկանալով՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը հանձնարարել է իր տեղակալ Վահանյանին, որպեսզի քաղաքապետարանը օգնության ձեռք մեկնի Հ. Հայրապետյանին: