Search
Close this search box.

Ադրբեջանցիները կրակել են ինտերնետ կապը վերականգնող աշխատակիցների վրա

Արցախի քննչական կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ թշնամին ապրիլի 11֊ին, ժամը 13։20֊ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի ուղղությամբ խախտել էր հրադադարի ռեժիմը՝ կրակելով ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող աշխատակիցների ուղղությամբ։ Այս մասին անդրադառնում ենք, քանի որ ԱՀ քննչական կոմիտեի պաշտոնկան կայքում դեպքի վերաբերյալ այսօր է հաղորդագրություն տարածվել.

ԱՀ քննչական կոմիտեն մասնավորապես հայտնում է.

«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի  սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության  շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը»:

Նշենք, որ ռազմական բնույթի, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվությունները, Արցախի սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվությունն և հրապարակումները, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումները կատարվում են բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունն՝ առանց խմբագրման։