Search
Close this search box.

Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր հայտարարագրեր են ներկայացնում, կուսումնասիրվեն

Կառավարությունն առաջարկում է, որպեսզի բոլոր այն պաշտոնյաները, ովքեր հայտարարագրեր են ներկայացնում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում ուսումնասիրության սուբյեկտ դառնան։ Այդ նպատակով կառավարությունը վերանշյալ օրենքում փոփոխություններ ու լրացումներ է կատարել։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ պետք է լավարկել այս օրենքը, որպեսզի այն արդյունավետ լինի։

«Նախագծով առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը։ Գործող կարգավորումների պայմաններում ուսումնասիրություն կարող էր կատարվել քաղաքական, վարչական, ինքնավար հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Այդ պաշտոններն են վարչապետը, փոխվարչապետը, նախարարները, նախարարների տեղակալները, ՄԻՊ-ը, դատավորները։ Այս փոփոխության նպատակն այն է, որ ընդլայնվի այդ պաշտոնների շրջանակը, և բոլոր այն պաշտոնյաները, ովքեր հայտարարագրեր են ներկայացնում, իրենք նույնպես ենթակա լինեն այս օրենքի ուսումնասիրությանը»,- ասաց նա։

Կարևոր փոփոխություն է համարվում այն, որ դատախազությանը տրվում է հնարավորություն՝ սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված աշխատանքներում հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ։ Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է նրան, որ գույքի ձեռքբերման արժեքի չափով բռնագանձման հնարավորություն տրվի դատախազությանը։ Կարեն Անդրեասյանն ասաց, որ նախագծի հաստատման դեպքում, օրինակ, ՊԵԿ հարկային կամ մաքսային ծառայությունների վարչության պետերն էլ կարող են ստուգվեն ապօրինի գույքի ձեռքբերման գործերով։