Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի արեք, մի արեք․ ոստիկանները կոտրել են նախկին պատգամավորի կողոսկրը

«Դիմադրություն» շարժման այսօրվա անհնազանդության գործողությունների ժամանակ կողոսկրի կոտրվածք է ստացել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան – Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանը, հաղորդում է «Yerkir.am»-ը:

Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցում: Ոստիկանները Սուրեն Մանուկյանին գցել են գետնին, նրանցից մեկը ոտքերով հարվածել է, իսկ մյուսը ծունկը դրել է Ս. Մանուկյանի գլխին, որից հետո հարվածների տարափի տակ նա բերման է ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ նա ստացել է կողոսկրի կոտրվածք:

Ենթադրելի է, որ ոստիկանները գործում են քաղաքական հրահանգավորման համաձայն՝ թիրախավորելով մարզերից Երևան քայլերթ իրականացնող առանցքային գործիչներին:

Նշենք, որ Երեւանում վաղ առավոտից` չնայած չդադարող անձրևին, խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել: Փակվել են մի շարք փողոցներ:

Երեկ չորս խորհրդանշանակ վայրերից Երևան են հասել Դիմադրության շարժման անդամները: Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը։ Հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։

Նշենք նաև, որ առավոտից բողոքի ակցիաների կարգավորման համար ոստիկանությունը առանձնակի բիրտ ուժ է կիրառել. ՊՊԾ գնդի հրամանատարը ոտքով հարվածել է լրագրողին, մեկ այլ լրագրողի ինքնազգացողությունն է վատացել հրմշտոցի ընթացքում, հրապարակված կադրերում երևում են նաև ոստիկանների կողմից ցուցարարների ծեծի դեպքեր: Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ է բերման ենթարկվել շուրջ 250 անձ, եղել են ԱԺ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր: