Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունները սարսափած են, հասկանում են, որ ալիքը գնալով մեծանում է.Լևոն Քոչարյան

Այն, ինչ նկատում եմ, այն է, որ կան վճռական մեր հայրենակիցների մի հոծ խումբ, որը պատրաստ է մեր երկիրը փրկել այս թուրքահպատակ իշխանություններից. այս առումով ամեն ինչ դրական է: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Մենք այսօր տեսանք ոստիկանական ուժերի բիրտ, ոչ համաչափ եւ լկտի պահվածքը: Սա ցույց է տալիս, որ իշխանությունները սարսափած են եւ հասկանում են, որ այս ալիքը գնալով մեծանում է: Միգուցե վերեւներում ամեն ինչի պատրաստ լինեն, բայց ես չեմ կարծում, որ ոստիկանները ամեն դեպքում կգնան նման քայլերի: Դա արդեն կախված է մեր յստեղ հավաքվածների բազմամարդությունից, վճռականությունից: փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ բազմամարդ է, ոստիկանները ոչ մի բան չեն անում, որտեղ տեսնում են՝ համեմատաբար ավելի քիչ է, սկսում են իրենց լկտիությունները անել»,-ասաց Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք հավաքված ժողովուրդը բավարար է հեղափոխություն անելու համար, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ դեռ առջեւում է, դեռ շատ մարդիկ կան մեզ պես մտածող, որ դեռ պետք է փողոց դուրս գան, պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ հենց իրենից է կախված ամեն ինչ: Քանակի մասով՝ կարծում եմ՝ բավարար է, բայց ինչքան շատ մեզ միանան, այնքան ավելի հեշտ ու նանցնցում կլինի»:

Անդրադառնալով քաղաքացիական բախումների հնարավորությանը, Լեւոն Քոչարյանն ասաց. «Պարզ է, որ իշխանության ներկայացուցիչները փորձելու են մարդկանց մեջ վախ սերմանել, որ այ, եթե դուրս գաք փողոց էս կարող ենք անել, էն կարող ենք անել, բայց նման բան չկա: Կփորձեն ուժ ցույց տալ, մենք էլ պետք է մեր վճռականը ցույց տանք: Ի վերջո, իրենք պայքարում են մի դավաճանի աթոռի համար, իսկ մենք՝ մեր երկրի համար: Մենք մտածելու բան չունենք, իրենք պետք է մտածեն:

Ես բախումների վտանգ չեմ տեսնում, որովհետեւ մեր երթերի ակցիաների ընթացքում մեր հանրության մեծ մասը մեզ ողջունում է թե պատշգամբներից, թե ազդանշաններով: Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիների մեծ զանգված կա, որ դուրս գա ու բախման գնա իրենց հայրենակիցների հետ: Ես նման վտանգ չեմ տեսնում»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

Նշենք, որ այսօր առավոտից Երեւանում անձրեւ է տեղում եւ այդ բոլոր ակցիաները տեղի են ունեցել անձրեւի տակ: