Search
Close this search box.

Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է այդ կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան

Անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել եւ մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մեծ հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համկարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու: Արձանագրում թիվ 2, հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց եւ ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր ճակատագրի եւ ապագայի տերն է, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիեւից եւ Նիկոլից կախված չէ»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 1-ը պատմական օր է, միասնականության եւ վերջնական հաղթանակի գնալու սկիզբ է:

«Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է այդ կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի, սա է մեր առջեւ դրված խնդիրը»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի առաջարկությամբ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։ Արդեն Ֆրանսիայի հրապարակում նրանց են միացել Արթուր Վանեցյանը իր համակիրներով եւ այլ քաղաքական ուժեր: