Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանում է Արարատ Միրզոյանին

«Միջպետական հարաբերություններում ընդունված պրակտիկա չէ մ.թ.ա. պատմությանը, առասպելներին հղում կատարելը: Հարևան Հայաստանի արտաքին գործերի նախարարի այս մոտեցումը հազվադեպ դեպքերից է, որին մենք հանդիպում ենք»։ ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը:

Աբդուլաևան նշել է, որ «սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզների օգտագործումը կդառնա սահմանային համատեղ հանձնաժողովների բանակցությունների անբաժանելի մասը»:

«Մենք կօգտագործենք բոլոր այն քարտեզները, որոնք ունեն իրավական հիմք»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երևանը, Սյունիքը իբր Ադրբեջանի կազմում են:

Նա մասնավորապես նշել էր. «Մենք քարտեզների ուսումնասիրություններին դեմ չենք: Բայց ինչու՞ սահմանափակվել 20-րդ դարով: Կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարում Բաբելոնում ստեղծված, կամ Հերոդոտոսի կողմից Քրիստոսից առաջ 5-րդ դարում ստեղծված, կամ Ստրաբոնի կողմից Քրիստոսից առաջ 1-ին դարում ստեղծված, կամ Կլավդիոս Պտղոմեոսի կողմից արդեն Քրիստոսից հետո 2-րդ դարում ստեղծված, կամ նույն ժամանակահատվածում Պլինիոս Ավագի կողմից ստեղծված քարտեզներից և շարունակել հետագա ժամանակաշրջանների բազմաթիվ լատինական, բյուզանդական, արաբական և այլ աշխարհագրական նկարագրություններով և քարտեզներով: Հայաստանն ինքն իրեն այդ քարտեզներում չգտնելու մտավախություն չունի:

Այնուամենայնիվ, շահագրգռված լինելով ապագա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա»: