Search
Close this search box.

Այդ ինչպե՞ս են ուզում «փրկել Հայաստանն ու Արցախը», եթե չի արվում այդ քայլը․ Արցախը սպասում է

Տարիներ շարունակ ողբ ու հայհոյանքի, ռուսական փրկչության ու խաղաղարարության, «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում», «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել կարգավիճակի նշաձողը», «Արցախի հայաթափում ու Հայաստանի թրքացում» եւ այլնի մասին աղմուկ-աղաղակի, փողոցներում մաշվող ներուժի փոխարեն Հայաստանի խորհրդարանը կազմող ուժերը կարող են անել պարզ ու տրամաբանական մի քայլ, որը կմիավորի հանրությանը հանուն ազգային-պետական խնդիրների ու հայկական իրավունքների։ Այն է՝ խորհրդարանում նախաձեռնել Արցախի ճանաչման եւ վերամիավորման որոշման իրագործման, հայկական իրավունքների ու պահանջների եւ նոր աշխարհակարգում Հայաստանի հայտի ու պատասխանատվության փաթեթի ստեղծման քննարկումներ։ Հայկական խնդիրներն ու իրավունքները կարող են ընկալելի լինել միայն այդ պարագային։

Եթե սա չի արվում, որը խորհրդարանական ուժերի կոչումն է, ապա ո՞րն է այս ամենի իմաստը, ո՞ւմ են պետք այդ ուժերը։ Հայկական ինքնությունը, հայկական իրավունքների հզոր փաթեթը, ինքնիշխան քաղաքականությունը «ռուսի ու թուրքի ընտրության» պրիմիտիվությանը հանգեցնելո՞ւն։ Այդ ինչպե՞ս են ուզում «փրկել Հայաստանն ու Արցախը», եթե չկա ինքնիշխան որոշումներ կայացնելու կամք եւ ցանկություն։

Ոչինչ չի քողարկի այս իրողությունը՝ ոչ աղմուկը, ոչ էլ օտարածին փաստարկներով արդարացումները։ Խորհրդարանում ինքնիշխան որոշումների կայացումից խուսափելը Հայաստանը դատապարտում է լավագույն դեպքում նոր աշխարհակարգի օբյեկտի։

Արցախի խորհրդարանն արել է իր քայլը, հերթը ՀՀ խորհրդարանինն է։
lragir.am