Search
Close this search box.

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ. ինչ են քննարկելու

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, այս մասին Գրիգորյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա հնարավոր համարեց, որ այդ հանդիպմանը կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշեց ԱԽ քարտուղարը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Հաջիևի հետ հանդիպումը կարելի է տեղավորել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համատեքստում՝ Գրիգորյանն ասաց. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող եք տեղավորել, քանի որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Եռակողմ աշխատանքային խումբն ապաշրջափակման թեմայով; Այս պահին քննարկվում է նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը: Գրեթե վերջնական փուլում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին: Կա նաև խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը՝ արտգործնախարարների մակարդակով: Կա նաև անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որտեղ քննարկվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների որոշ հարցեր: Կա նաև իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպման հարթակը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»: