Search
Close this search box.

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Վլադիմիր Գասպարյանի տեղաշարժի մասին

Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում, նրա ելքը Հայաստանից սահամանափակված է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին:

Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է»:

Հիշեցնենք՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր: