Search
Close this search box.

«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ականներին մոսկովյան այցից ուշագրավ մանրամասներ է պատմել՝ներկայացնելով Հայաստանը ծանր վիճակը

Նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, որպեսզի ամփոփի մոսկովյան այցն ու քննարկի Արցախի շուրջ վերջին ժամանակների զարգացումները։ Հիշեցնենք, որ բրյուսելյան հայտնի այցից, խորհրդարանում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններից ու այն Ադրբեջանի կազմում թողնելու մասին ակնարկներից հետո Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, որի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի հետ 30 կետից բաղկացած հայտարարություն ստորագրեց։ 

Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերին ասել է, որ, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում մոսկովյան այցը` այն առումով, որ թեւակոխել են հստակեցումների փուլ, երբ հայկական կողմին խոշոր խաղացողներն արդեն հնարավորություն են տալիս  ներկայացնել իր տեսակետը, այլեւս ուլտիմատում չեն դնում, թե «կանեք այսպես, եւ վերջ»։ Պատգամավորները հարցադրումներով փորձել են հասկանալ, թե ինչն է այդպես ոգեւորել Նիկոլ Փաշինյանին, ինչ տեսակետներ է առաջ մղել Մոսկվայում, ընդհանրապես՝ ինչ է փոխել այդ այցը վերջին շրջանի զարգացումներում, որ վարչապետը գոհ է մնացել։

Նիկոլ Փաշինյանը պատմել է Պուտինի հետ առանձնազրույցի ոչ հրապարակային դրվագներ եւ ասել, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, չի ցանկանում, որ Ադրբեջանն ու Հայաստանը հապճեպ ստորագրեն խաղաղության պայմանագիրը, եւ որ պաշտոնական Երեւանը պետք է հայտարարի, որ Արցախի հարցը պետք է լուծեն արցախցիները, իրենք չեն կարող հաշվի չնստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պայմանագրին այլեւս այլընտրանք չմնա, եւ կողմերը ստորագրեն այն` ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ապա պաշտոնական Երեւանը պետք է նախ հասնի նրան, որ պայմանագրում մի տողով գոնե ամրագրվի, թե Հայաստանը սատար է կանգնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ շարունակելու է բյուջետային դրամական աջակցություն ցուցաբերել Արցախին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցություններին։ ՌԴ-ն խոստացել է այդ պարագայում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Ռուսաստանի համար անընդունելի են եղել բրյուսելյան պայմանավորվածությունները, մասնավորապես` Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման պահանջը, որն ինքնին նշանակում է Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին։ Այդ պարագայում Ռուսաստանի գործոնն այլեւս կզրոյանա նախ՝ Արցախում, ապա նաեւ՝ Հայաստանում, ինչն Արեւմուտքի երազանքն է։ Պաշտոնական Մոսկվան ամեն գնով ցանկանում է պահպանել այսօրվա ստատուս քվոն՝ հասկանալով, որ ցանկացած փոփոխություն իր օգտին չի լինելու՝ հաշվի առնելով իր թուլացած դիրքերը, որից փորձում են օգտվել բոլորը՝ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ադրբեջանը։

Փաշինյանը ՔՊ-ականներին ասել է նաեւ, թե ինքը ՌԴ նախագահի հետ առանձնազրույցում ասել է, որ ստատուս քվոյի պահպանումն այնքան էլ մեր օգտին չէ, բարձրացրել է ռուս խաղաղապահների  հարցը, վկայակոչել է Փառուխի դեպքը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար անընդունելի է նման գործելաոճը, երբ ժամանակ առ ժամանակ մեր տարածքից մաս ենք կորցնում, եւ դրանում ՀՀ քաղաքացիներն իրեն են մեղադրում: Ասել է, որ Պուտինն իրեն խոստացել է կարգավորել խնդիրը, ասել է, որ Ադրբեջանն օգտվում է իրենց թուլությունից, սակայն այս վիճակը երկար չի տեւելու։

Ինչ վերաբերում է 30 կետանոց հայտարարությանը, ապա իշխող թիմում դրան առանձնապես մեծ կարեւորություն չեն տալիս, դա համարում են դեկլարատիվ փաստաթուղթ՝ միաժամանակ ընդունելով, որ այս փուլում, երբ աշխարհը Ռուսաստանին հռչակել է ագրեսոր եւ մեկուսացրել քաղաքակիրթ աշխարհից, նման հայտարարության ստորագրման քաղաքական ենթատեքստն ինքնին ուշագրավ է, բայցեւ արդարացնում են Փաշինյանին, որ եթե սեղանին Արցախի հարցն է դրված, եւ մեզ երաշխիքներ են տալիս,  ապա պետք է գնալ նաեւ նման զիջումների։ Հատկապես որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասել, չափազանց բարդ իրավիճակում է Հայաստանը հայտնվել եւ պետք է կարողանա ճկուն քաղաքականություն վարել՝ չմերժելով ո՛չ Արեւմուտքին, ո՛չ Ռուսաստանին։ Ցավոք սրտի, ոչ ոք չի հետաքրքրվել, թե արտաքին քաղաքական հարցերում այս տարիներին բազմաթիվ սխալներ թույլ տված Փաշինյանն ու նրա իշխանությունն ինչպես են այս նուրբ խաղն ու ճկուն դիվանագիտությունը բանեցնելու:

Մեր հարցին՝ եթե ՌԴ-ում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ հնարավորինս երկար պետք է պահեն ստատուս քվոն, մինչդեռ Բրյուսելից վերադառնալուց հետո հայտարարում էր, թե կողմ է Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց խաղաղության փաստաթղթին, խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման եւ հապճեպ պայմանագիր ստորագրելու մասին, ինչպե՞ս է այս իրավիճակում գործելու ՀՀ իշխանությունը, ՔՊ-ական մեր աղբյուրն ասաց, որ առաջիկայում իշխանության վարած կուրսը կլինի հետեւյալ բովանդակությամբ․ «Այո, կողմ ենք խաղաղության պայմանագրին` դրանով չենք նեղացնի Արեւմուտքին, սակայն կավելացնենք, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշեն արցախցիները, իսկ Հայաստանը պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում Ադրբեջանն ինքը կտապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը պարտադրում են Արեւմուտքից»։
ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են՝ ինքն անձամբ ճանաչո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատասխանը եղել է դրական։

Մեր աղբյուրը վստահեցրեց, որ ներքաղաքական հարցերին չեն անդրադարձել։ «Հանդիպումը շատ կարճ տեւեց՝ մոտ մեկ ժամ, վարչապետը, իմանալով, որ իրեն սպասարկող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է, ընդհատեց հանդիպումն ու հեռացավ»,- ասաց մեր աղբյուրը եւ շարունակեց. «Ուզո՞ւմ եք իմանալ, թե ընդդիմությունն ինչու է փողոց դուրս եկել` Մոսկվան  չի վստահում Փաշինյանի խոստումներին, չի բացառվում, որ վաղը Արեւմուտքից ավելի ծանրակշիռ  արգումենտներ կորզի եւ հարցը լուծի հենց նրանց քավորությամբ, դրա համար իր համար վստահելի գործընկեր է փնտրում ու փողոց է հանել ընդդիմությանը, բայց չի կարող հաջողել, որովհետեւ ժողովուրդը մեզ հետ է»։