Search
Close this search box.

«Հրապարակ».Հայտնի է, թե Լեո-Պարոնյան խաչմերուկում պատահարի ժամանակ ուր էր շտապում Փաշինյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման:

Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացածը 29-ամյա հղի Սոնա Մնացականյանն էր։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է ներկայացել նիստին եւ հպանցիկ պատմել կատարվածի մասին, բայց այդ պահին դեռ տեղյակ չի եղել, որ կինն արդեն մահացել է։ Պատգամավորներից որեւէ մեկը չի հետաքրքրվել՝ կանգնե՞լ է արդյոք վարչապետի շարասյունը, փորձե՞լ են կնոջն օգնություն ցույց տալ` հիվանդանոց տեղափոխել: Մեր հարցին ի պատասխան, ՔՊ ներկայացուցիչն ասաց` չէինք պատկերացնում, որ այլ տարբերակ է եղել` քշել-հեռացել են, առանց օգնություն ցույց տալու:

Հետո ավելացրեց․ «Գուցե արարողակա՞րգն է պահանջել, որ չկանգնեն… գուցե անվտանգության նկատառումներից ելնելո՞վ չի կանգնել»։ Փաշինյանը սկսել է պատգամավորներին պատմել իր մոսկովյան այցի մասին` գլուխ գովալ, թե ամեն ինչ շատ լավ է եղել, իսկ մոտ մեկ ժամ անց նրան հաղորդել են, որ վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, նա ընդհատել է նիստը եւ անհանգիստ հեռացել։ Հավանաբար մտածել է, որ զայրացած ամբոխը հաշվեհարդար կտեսնի իր հետ` կգան հետեւից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում